Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կմեկնի Բրյուսել, որտեղ Շառլ Միշելի և Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի համատեղ հրավերով կմասնակցի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրահանձնաժողովի նախագահի և Եվրախորհրդի ներկայիս նախագահ երկրի, Սլովենիայի վարչապետի համատեղ հրավերով, դեկտեմբերի 15-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:
Կառավարության ղեկավարն այսօր պատվիրակության հետ մեկնել է Բելգիայի Թագավորություն։
Գագաթնաժողովում կընդունվի քաղաքական հռչակագիր, որում կարևոր է անդրադառնալ Վրաստանի համար առաջնահերթ խնդիրներին։ Հռչակագիրը վերահաստատում է Արևելյան գործընկերության ռազմավարական նշանակությունը Եվրամիության համար, ինչպես նաև նրա աջակցությունը Վրաստանի և նրա գործընկերների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
Վրացական կողմը ակնկալում է նշել այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին է աստիճանական ինտեգրումը Եվրամիության միասնական շուկայում, ինչպես նաև Արևելյան գործընկերության նոր օրակարգի հաստատումը, որի մշակմանը Վրաստանը ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրամիության և այլ գործընկեր երկրների հետ միասին: Արդյունքում կազմվել է հավակնոտ օրակարգ՝ ամրապնդելու գործընկեր երկրների անվտանգությունը, տնտեսությունները, ինստիտուտները, հասարակությունները, բնապահպանական և թվային փոխակերպման մեխանիզմները։ Նոր օրակարգը ներառում է Եվրամիության նոր տարածաշրջանային ներդրումային ծրագրի միջոցով հասնելու կոնկրետ նպատակների իրագործումը: Վրաստանի համար դա նշանակում է տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի ուժեղացում, այդ թվում՝ առավելագույնի հասցնելով Սև ծովի ներուժը:
Արևելյան գործընկերության գագաթնաժողովը բարձր մակարդակի երկխոսության ձևաչափ է Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Այն քննարկում է ռազմավարական և քաղաքական կարևորագույն հարցերը և համաձայնեցնում կողմերի միջև։
Բրյուսել կատարած այցի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարը կունենա նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։ Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։
Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։