Իրակլի Ղարիբաշվիլի. Տեղեկություն է տարածվել, որ ես լքել եմ կուսակցությունը՝ ի նշան բողոքի, դա իմ ձեռագիրը չէ
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին անհեթեթ է համարում տեղեկատվությունը, թե ինքը լքել է կուսակցությունը։ Ինչպես «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը հայտնել է Ղարիբաշվիլին, նա շարունակում է աշխատել որպես իշխող կուսակցության նախագահ։
Ղարիբաշվիլին տարածված տեղեկությունը որակում է այնքան անհեթեթ, որ իբր իրեն բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են կլինիկա։ Նրա խոսքով՝ ինքը մարզման ժամանակ վնասել է ձեռքը և բուժհաստատությունում հետազոտություններ էր անցնում։
«Ուզում եմ պատասխանել այն անհեթեթ զրպարտությանը, մեղադրանքներին ու ստերին, որ հանրությունը տեսել է վերջին օրերին։ Մենք էլ հայտարարություն ենք տարածել: Լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ես ի նշան բողոքի լքել եմ կուսակցությունը, առանձնացել եմ թիմից, ինչ-որ բանի դեմ բողոքել, և ճգնաժամի ժամանակ, երբ մեր երկրի առջև ծառացած շատ մեծ մարտահրավերներ կային, իբր այս ֆոնին դուրս եմ եկել կուսակցությունից։ Սա աբսուրդ է։ Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, և կարծում եմ, որ բոլորն ինձ լավ են ճանաչում, սա իմ ձեռագիրը չէ։ Ես ունեմ իմ կանոնները, սկզբունքները։ Ես ապրում եմ այս կանոններով իմ ողջ գիտակցական կյանքում և երբեք չեմ շեղվի այս կանոններից»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։