Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Չիքովանիին հյուրընկալել է նրա ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո պաշտպանության նախարարները դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ընդլայնված կազմով պաշտպանական համագործակցության ուղղությունները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի անվտանգության խնդիրներին։
Նշվել է, որ երկրների միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է հարգանքի և վստահության վրա, ինչը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար։ Ուշադրություն է դարձվել նաև Վրաստանի առաջարկած խաղաղ հարևանության նախաձեռնության ձևաչափին, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղության գործընթացին։
Նախարարները քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների միջև ինտենսիվ երկկողմ համագործակցության հարցերը։ Ինչպես նշել է Իրակլի Չիքովանին, տարիների ընթացքում կուտակված մեծ փորձը նպաստում է պաշտպանական ուժերի զարգացմանը ինչպես Ադրբեջանի Հանրապետությունում, այնպես էլ Վրաստանում։
Նրա խոսքով, Ադրբեջանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներ են, որոնք հնարավորություն ունեն սեփական ներուժով ապահովել իրենց քաղաքացիների ավելի լավ բարեկեցությունը։
Հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափը, որը տարբեր հարցերի քննարկման կարևոր միասնական տարածաշրջանային հարթակ է։ Պաշտոնական հանդիպումներից առաջ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և նրա կնոջ՝ ակադեմիկոս Զարիֆա Ալիևայի շիրիմներին Բաքվի «Պատվո ծառուղում»։
Պատվիրակության ուղեկցությամբ Իրակլի Չիքովանին ծաղիկներով զարդարել է նաև հերոսների հուշահամալիրը և հարգանքի տուրք մատուցել «Անմար կրակի» հուշահամալիրում զոհվածների հիշատակին»,- հայտնել են Պաշտպանության մամուլի ծառայությունից։