Ինչպես երևում է Սաակաշվիլիին բանտից հանել են զրահամեքենաներով, հետո ուղղաթիռ նստեցրել, չգիտեմ՝ ուր են տարել. Գիուլի Ալասանիա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոր՝ Գիուլի Ալասանիայի հայտարարությամբ, թվում է, թե Սաակաշվիլիին բանտից դուրս են բերել, սակայն ինքը տեղեկություն չունի, թե նրան որտեղ են տարել։

Գիուլի Ալասանիայի խոսքով, իրեն քրեակատարողական հիմնարկ չեն թողնում հենց այն պատճառով, որ Միխեիլ Սահակաշվիլին այլևս բանտում չէ։

«Մենք չենք կարող մտնել, քանի որ կարծես նրան ինչ որ տեղ են տարել։ Ես տեղեկություն չունեմ, երևում է որ չկա։ Հավաքվել է խորհուրդը, որը գրել է, թե ինչ է պետք, որ նրան պետք է տեղափոխեն բազմաֆունկցիոնալ հիվանդանոց և այլն։ Չգիտեմ, փաստաթուղթը չեմ կարդացել, բայց միևնույն ժամանակ անտեսելով ամեն ինչ՝ իրավունքներ, մարդու իրավունքներ, խորհրդի որոշումը և այլն։ Մեր աչքի առջևից տարան և նա անհետացել է, դա իմ կարծիքն է։ Ինչպես պարզվեց, երկու զրահամեքենա անցան, իսկ հետո ուղղաթիռ թռավ մեր վրայով։ Երկու ժամ սպասում ենք ու պատասխան չունենք, մարդը չկա, վերջ, տարել են երևի։ Փաստն այն է, որ վերջերս նրան դուրս են բերել զրահամեքենաներով, ապա, ըստ երևույթին, ուղղաթիռ են նստեցրել: Ես չգիտեմ, թե ուր են տարել»,- ասել է Գիուլի Ալասանիան։