Իլոն Մասկը հայտարարում է, որ մայիսից սկսած իր կողմից Կառավարական արդյունավետության դեպարտամենտի կառավարմանը հատկացվող ժամանակը զգալիորեն կկրճատվի
ԱՄՆ-ի Կառավարական արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ մայիսից սկսած իր կողմից այս կառույցի կառավարմանը հատկացվող ժամանակը զգալիորեն կկրճատվի։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Մասկի խոսքով՝ նա շարունակում է աջակցել նախագահ Թրամփին, որպեսզի համոզվի, որ նախկին վատնված բյուջեն և խաբեությունները չվերադառնան։
Ինչպես նշել է Իլոն Մասկը, նա շաբաթական մեկ կամ երկու օր կտրամադրի պետական հարցերին այնքան ժամանակ, որքան նախագահը կցանկանա։
Միաժամանակ, Մասկի ընկերությունը՝ Tesla-ն, բախվում է լուրջ ֆինանսական խնդիրների։ Այս տարի ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է ավելի քան 40%-ով։
Մամուլի տեղեկություններով՝ Tesla-ի իմիջին հատկապես վնասում են Մասկի քաղաքական կապերը Դոնալդ Թրամփի հետ և նրա աջակցությունը Գերմանիայի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը։