Իլոն Մասկ – Զղջում եմ Դոնալդ Թրամփի վերաբերյալ որոշ գրառումների համար, չափազանցված էին
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարում է, որ զղջում է Դոնալդ Թրամփի վերաբերյալ իր գրած որոշ գրառումների համար։
Ինչպես Մասկը գրում է սոցիալական ցանցում, այդ գրառումները չափազանցված էին։
«Ես զղջում եմ Դոնալդ Թրամփի վերաբերյալ որոշ գրառումների համար, որոնք գրել էի անցած շաբաթ։ Դրանք չափազանցված էին», – գրել է Մասկը։
Հիշեցնենք, որ Իլոն Մասկի և Դոնալդ Թրամփի միջև տարաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ Թրամփը աջակցել է բյուջետային նախագծին։ Այդ նախագիծը նախատեսում է շարունակել Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ՝ 2017 թվականին ընդունված հարկային արտոնությունները, ինչպես նաև ավելացնել ֆինանսավորումը պաշտպանության ոլորտում և անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման նպատակով։ Նախագծով նախատեսված է նաև պետական պարտքի սահմանաչափի բարձրացում մինչև չորս տրիլիոն դոլար։
Մասկը նախագիծը անվանել է «սարսափելի անարդարություն» և ասել, որ այն երկիրը կծանրաբեռնի «կործանարար պարտքերով»։ Իլոն Մասկը անցած ամիս հրաժարվել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից։ Այդ կառույցը, որը ստեղծվել էր ծախսերը կրճատելու նպատակով, Մասկը ղեկավարել է 129 օր։
Բացի այդ, Մասկը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի անունը նշվում է անչափահասների սեռական թրաֆիքինգի համար մեղադրվող Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերում, և դա է պատճառը, որ տվյալ փաստաթղթերը չեն հրապարակվում։