Իլոն Մասկ. Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, իսկ դեմոկրատներն էլ կունենային վերահսկողություն Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, ինչպիսի երախտամոռություն է
«Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, իսկ դեմոկրատներն էլ կունենային վերահսկողություն Ներկայացուցիչների պալատի նկատմամբ», – այս մասին գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը սոցիալական ցանցում, ով անցած շաբաթ թողել է ԱՄՆ կառավարության արդյունավետության ղեկավարի պաշտոնը։
Իլոն Մասքի և Դոնալդ Թրամփի՝ նախկին դաշնակիցների միջև տարաձայնության պատճառ է դարձել ծախսերի վերաբերյալ օրինագիծը, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել էր անցած ամիս, և որը աջակցություն է ստանում նախագահի կողմից։
Օրինագիծը նախատեսում է որոշ ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության և միգրացիոն քաղաքականության իրականացման համար ծախսերի ավելացում, պետական պարտքի սահմանաչափի բարձրացում և հարկային արտոնություններ։
«Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատներն էլ վերահսկողություն կունենային Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, իսկ հանրապետականներն էլ Սենատում կպատկերացվեին 51/49 հարաբերակցությամբ։ Ինչպիսի երախտամոռություն է», – գրել է Մասկը։
Նախկինում Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում՝ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հիասթափված է Իլոն Մասքից։
Թրամփի խոսքով՝ Մասկին օրինագծի հետ կապված խնդիրներ են առաջացել այն բանից հետո, երբ նա իմացել է, որ կառավարությունը նախատեսում է կրճատել էլեկտրամոբիլների մանդատը։
Իլոն Մասկը սոցիալական ցանցում նաև կիսվել է Դոնալդ Թրամփի՝ 2013 թվականին հրապարակած հայտարարություններով, որոնցում Թրամփը քննադատում էր պետական պարտքի և բյուջետային դեֆիցիտի ավելացումը։
«Իմաստուն խոսքեր», – գրել է Մասկը։