Իլիանա Յոտովան հաղթեց Բուլղարիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

10:07, 02.11.2026

Բուլղարիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,66%-ի հաշվարկից հետո Իլիանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Յոտովան ստացել է ձայների 57,66%-ը, իսկ նրա մրցակիցը՝ նախկին վարչապետ Անդրեյ Գյուրովը՝ 39,38%-ը։

Իլիանա Յոտովան դարձել է Բուլղարիայի պատմության մեջ առաջին կինը, ով ընտրվել է նախագահ։ Յոտովան հայտնել է, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Գյուրովը կապ է հաստատել իր հետ հեռախոսով՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ։

«Այսօր բուլղար ժողովուրդն անցյալի փոխարեն ընտրեց ապագան, ընտրեց խաղաղությունը։ Նրանք ընտրեցին կայունություն, բնականոն կյանք և առաջընթացի կայուն ու հստակ ուղի։ Մենք Բուլղարիայի քաղաքացիների հետ խոսել ենք այն խնդիրների մասին, որոնք ազդում են նրանց առօրյա կյանքի վրա։ Այսօր պարզ դարձավ, որ նրանք հասկացել են մեր ուղերձը։ Քիչ առաջ պարոն Գյուրովը զանգահարեց՝ շնորհավորելու ինձ հաղթանակի կապակցությամբ։ Նա վստահություն հայտնեց, որ ես կլինեմ արժանի նախագահ՝ ունակ երկխոսություն վարելու բոլորի հետ», – նշել է Յոտովան։

Նշենք, որ Բուլղարիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։

Նմանատիպ