Իլիա Երկրորդ. Մենք ոչ մի ազգային խնդիր չենք կարող լուծել զայրույթով ու չարությամբ, վնասելու ենք մեզ և պետությանը, քրիստոնեությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում է սերը մերձավորի նկատմամբ
Իմ հոգեւոր զավակներ, երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ յուրաքանչյուրիս համար անհրաժեշտ է հոգ տանել խաղաղության մասին։ Յուրաքանչյուր մարդ՝ մեծ թե փոքր, պետք է զատվի բռնությունից և գիտակցի, որ մեր դժվարին ժամանակներում իրավիճակի կտրուկ աճն իրական վտանգ է ներկայացնում երկրի գլխավոր ձեռքբերմանը՝ պետականությանը, ինքնիշխանությանը, և պետք է որոշի իր քայլերը՝ ուղղված դրան,- այս մասին ասվում է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Վրաստանի պատրիարքարանի կայքէջում։
Պատրիարքի խոսքով՝ «չվերահսկվող գործընթացներից խուսափելու համար ամենակարևորը կառուցողական երկխոսության հասնելն է»։
«Այսօր մեր խնդիրն այն է, որ մենք չենք հասկանում, թե ինչպես ենք հեռանում Աստծուց և գործում նրա պատվիրաններին հակառակ. Մենք մոռանում ենք, որ սիրո պակասը, ցինիզմը, անհարգալից վերաբերմունքը… որը, ցավոք, սովորություն է դարձել մեր հասարակության մի մասի համար, մահացու մեղքեր են. (Դրա դրսեւորումը ատելության խոսքն ու ֆիզիկական հաշվեհարդարն է)։ Փոխադարձ ատելությամբ, չարությամբ ոչ մի ազգային խնդիր չենք կարողանալու լուծել ու միայն ինքներս մեզ ու պետությանն ենք վնասելու։ Մեր քրիստոնեությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում է մեր սերը մերձավորի հանդեպ: Ես ամբողջ կյանքում աղոթել եմ Վրաստանի համար։ Այսօր էլ ես անդադար կխնդրեմ Տիրոջը, որ մեզ խելամիտ ու զիջող սիրտ տա։ Մեզ բոլորիս միավորում է հայրենիքի սերը: Դրա համար դիմում եմ ձեզ՝ եկեք համախմբվենք աղոթքով Վրաստանի բարգավաճման համար, որպեսզի Աստծո շնորհով ու ներքին խաղաղությամբ կարողանանք ճիշտ քայլեր ձեռնարկել։ Միասնական աղոթքները մեծ ուժ ունեն։ Վրաստանում և արտերկրում աշխատող մեր հոգևորականներին օրհնություն է տրվում ամեն օր ժամը 13:00-ին զանգը հնչեցնելու և Սուրբ Աստվածածնին աղաչական հոգեհանգիստ մատուցելու, իսկ Վրաստանի և արտերկրի ծխականներին խնդրում ենք (անձնական կանոնի հետ միասին), օրվա ընթացքում աղոթել՝ «Հայր մեր», 90- Սաղմոս, «Բաց ողորմության դուռը», «Ուրախացիր, Կույս Աստվածածին» (3 անգամ): Վրաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է և մեր պարտքն է նպաստել եվրոպական տիպի ազգային պետության հզորացմանն ու զարգացմանը՝ հիմնված մեր դարավոր քրիստոնեական հոգևոր և մշակութային ժառանգության և ավանդական արժեքների վրա։ Այսօր Վրաստանի եկեղեցու հիմնադիր Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակության օրն է։ Սա նաեւ սուրբ թագավոր Վախտանգ Գորգասալիի, Պետրոս Առաջինի եւ Սամոել Ա կաթողիկոսի հիշատակության օրն է։ Նրանց և Վրաստանի մյուս հովանավոր սրբերի աղոթքներով և Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ, թող Աստված տա մեր երկրին միասնություն, խաղաղություն ու բարգավաճում»,- ասված է պատրիարքի հայտարարության մեջ։