Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ժնևի միջազգային բանակցությունների ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահների հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ժնևի միջազգային բանակցությունների ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի համանախագահների հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Ժնևում հանդիպում է ունեցել միջազգային բանակցությունների համանախագահներ Ջիհան Սուլթանօղլուի և Վիորել Մոշանուի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են ռուս-վրացական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում ստեղծված անվտանգության միջավայրին, այս համատեքստում Ժնևում միջազգային բանակցությունների կարևորությանը և օրակարգի հիմնական հարցերում շոշափելի առաջընթացի հասնելու համար ձևաչափի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը, ինչպիսին է Ռուսաստանի կողմից միջազգային պահանջների կատարումը: Ընդգծվել են 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցեր։

«Նախարարն ուշադրություն է հրավիրել Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի մերձակայքում առկա անվտանգության միջավայրին, ինչպես նաև օկուպացիոն ուժերի անօրինական գործողություններին, որոնք էլ ավելի են բարդացնում իրավիճակը անվտանգության, հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից։ Այս ֆոնին ընդգծվել է միջազգային հանրության օրակարգի բարձր մակարդակի վրա Ռուսաստանի կողմից վրացական շրջանների օկուպացիայի և միջազգային պարտավորությունների կատարման հարցը պահելու անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Վրաստանի կառավարության խաղաղության քաղաքականությանը և ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ ինչպես ապաօկուպացիայի, այնպես էլ հաշտեցման ու ներգրավվածության հարթություններում։ Այս գործընթացում նշվել է ժնևյան բանակցություններում համանախագահող միջազգային կազմակերպությունների արդյունավետ ներգրավման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը կողմերը հաստատել են, որ կշարունակեն իրենց ակտիվ աշխատանքը Ժնևում միջազգային բանակցությունների ձևաչափն արդյունավետ օգտագործելու և ռուսական օկուպացիայից տուժած մարդկանց անվտանգության ու հումանիտար խնդիրների լուծման նպատակով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։