Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Քիշնև կատարած այցի շրջանակներում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ բարձր մակարդակի հանդիպմանը կողմերը ևս մեկ անգամ հաստատել են երկու երկրների սերտ բարեկամությունն ու գործընկերությունը, որն առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով ընդհանուր մարտահրավերներն ու նպատակները։

«Կողմերը ողջունեցին Եվրահանձնաժողովի պատմական որոշումը, որը Մոլդովայի և Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը տեղափոխեց բոլորովին նոր փուլ։ Նրանք նաև տեղեկատվություն են փոխանակել Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականների կատարման վերաբերյալ։

Մոլդովայի նախագահը և Վրաստանի ԱԳՆ ղեկավարը նշել են երկու երկրների միջև սերտ համակարգման կարևորությունը Եվրամիությանն ինտեգրվելու ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին։ Այս առումով ևս մեկ անգամ ընդգծվեց ասոցացված եռյակի ձևաչափի կարևորությունը ապագա նպատակների արդյունավետ իրականացման համար։

Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում անվտանգության սրված միջավայրին»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։