Ադրբեջանը սոցիալական մեդիայի հարթակներում 16 տարեկանից ցածր անձանց համար գրանցման նոր պահանջներ է սահմանում
Ադրբեջանը նոր պահանջներ է սահմանում սոցիալական մեդիայի հարթակներում երեխաների գրանցման համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պահանջներն արտացոլվելու են «Ինֆորմացիայի, ինֆորմատիզացիայի և ինֆորմացիայի պաշտպանության մասին» օրենքի նոր հոդվածներում, որոնք քննարկվել են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) նիստում։
Օրինագծի համաձայն՝ մինչև 16 տարեկան անձանց համար սոցիալական մեդիայի հարթակներում անհատական թվային հաշիվների (ակաունտների) ստեղծումը չի թույլատրվի։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ եթե օրենքով նախատեսված տեխնիկական մեթոդներով հաստատվի, որ սոցիալական մեդիայի օգտատերը 16 տարեկան կամ ավելի բարձր տարիքի է, ապա անհատական թվային հաշվի ստեղծումը հնարավոր կլինի։
Միևնույն ժամանակ, փոփոխության համաձայն, 16-18 տարեկան դեռահասների թվային հաշիվներում կվերահսկվեն այն բովանդակությունը (կոնտենտը) և գովազդները, որոնք տեսնում են անչափահասները։
Օրինագծի համաձայն՝ սոցիալական հարթակներին կարգելվի անչափահասների անձնական տվյալների հավաքագրումն ու օգտագործումը կոմերցիոն նպատակներով։
Ինչպես հայտնի է, հարթակների ցանկը կսահմանի համապատասխան գործադիր իշխանության կողմից նշանակված մարմինը կամ հաստատությունը։
Օրինագիծը դրվել է քվեարկության, ընդունվել երրորդ ընթերցմամբ և կուղարկվի երկրի նախագահին՝ ստորագրման համար։