Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորվել են

13:51, 13.07.2026

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լիովին կարգավորվել են, Շուշայում անցկացվող չորրորդ գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցին։

«Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Մենք նաև տեսել ենք Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Պուտինի հայտարարությունները մեր երկրների միջև հարաբերությունների դրական դինամիկայի մասին։ Դուք նշեցիք որոշակի դժվարությունների մասին։ Այո, մենք բոլորս լավ գիտակցում ենք դա, բայց գլխավորն այն է, որ այս փուլն արդեն ավարտվել է։ Ես կասեի, որ հարաբերությունները լիովին կարգավորվել են։ Շփումները շարունակվում են տարբեր մակարդակներում։ Ակտիվ հարաբերությունները շարունակվում են ինչպես կառավարությունների միջև, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մակարդակով, այնպես էլ արտաքին գործերի նախարարությունների և նախագահական աշխատակազմերի միջոցով։ Այս առումով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ է զարգանում, և դա մեզ ուրախացնում է», – նշել է Ալիևը։

Իլհամ Ալիևի խոսքով, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մեծ նշանակություն ունեն ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանային համագործակցության համար։

«Այս հարաբերությունները ներառում են ինչպես համագործակցության ավանդական ոլորտներ, այնպես էլ ապագայում կարող են զարգանալ նոր ուղղություններ։ Հատուկ նշանակություն է տրվում տրանսպորտային հարցերին։ Առևտուրը և մարդասիրական համագործակցությունը նույնպես կարևոր ուղղություններ են», – ասել է Ալիևը։

Նմանատիպ