Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվում տեղի է ունեցել գերմանացի և ռուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ոչ պաշտոնական հանդիպում, որի մասին իրեն նախապես չեն տեղեկացրել

22:38, 21.07.2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսին Բաքվում տեղի է ունեցել Գերմանիայի և Ռուսաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ոչ պաշտոնական հանդիպում։ Ալիևն այս հայտարարությունն արել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ։

Նա ասաց, որ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 12-14-ը, և Ադրբեջանի իշխանությունները նախապես չեն տեղեկացվել դրա մասին։

«Մեր տարածքը օգտագործվել է նման հանդիպում անցկացնելու համար՝ առանց մեզ տեղեկացնելու։ Ես չեմ կարող մեկնաբանել մանրամասները, քանի որ մենք չենք մասնակցել հանդիպմանը, սակայն թռիչքի տվյալները հաստատում են, որ նման գաղտնի հանդիպում իրոք տեղի է ունեցել Բաքվում», – ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով, եթե հանդիպման նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանը նպաստելն էր, Բաքուն միայն կողջուներ դա։

Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը որևէ կապ չունի այդ հանդիպման հետ։

«Ես ոչինչ չգիտեմ այս հանդիպման մասին», – ասաց Մերցը։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Բաքվում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցել են Գերմանիայից նախկին կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմի ղեկավար Ռոնալդ Պոֆալան և Բրանդենբուրգի նախկին վարչապետ Մաթիաս Պլացեկը: Ռուսական պատվիրակության կազմում էին Ռուսաստանի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը և Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, «Գազպրոմի» տնօրենների խորհրդի ներկայիս նախագահ Վիկտոր Զուբկովը:

Նմանատիպ