Իլհամ Ալիևը և Մարթա Կոսման Դավոսում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման հարցերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հանդիպում են անցկացրել Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել անցյալ տարի Մարթա Կոսի կողմից Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ, որի շրջանակում նա այցելել է նաև Ղարաբաղ։
Հանդիպման ընթացքում Ալիևն ու Կոսը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների նորմալացման և խաղաղության օրակարգի առաջմղման հարցերը։ Նրանք անդրադարձել են համագործակցության հնարավորություններին էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային կապերի, հումանիտար, ականազերծման և այլ ոլորտներում։ Քննարկվել է նաև Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Մարթա Կոսը նշել է, որ Եվրոպական միությունն պատրաստ է աջակցել Ադրբեջանին հումանիտար և ականազերծման ոլորտներում, ինչպես նաև Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային կապի վերականգնման նախագծերում։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին տեղեկատվություն հրապարակել է նաև Մարթա Կոսը։
Եվրահանձնակատարը «X» սոցիալական ցանցում գրել է, որ Ալիևի հետ հանդիպմանը նա աջակցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ «Մենք պայմանավորվեցինք՝ ուժեղացնել աշխատանքը Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի խորացման ուղղությամբ», – գրել է Մարթա Կոսը։