Իլհամ Ալիևը և Ֆրիդրիխ Մերցը ստորագրել են երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր
Բեռլինում այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրել են երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր։ Փաստաթուղթը նպատակ ունի խորացնել տնտեսական, էներգետիկ և դիվանագիտական հարաբերությունները։
Կողմերը նաև ստորագրել են Ադրբեջան-Գերմանիա գործարար խորհրդի ստեղծման վերաբերյալ համատեղ հռչակագիր, որի շրջանակներում նախատեսվում է խթանել համատեղ նախագծերը և ավելացնել ներդրումները մասնավոր հատվածում։ Հատկապես այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են «կանաչ էներգիան», տրանսպորտը, լոգիստիկան և ժամանակակից տեխնոլոգիաները։
«Մենք մտադիր ենք առաջիկա տարիներին ամրապնդել համագործակցությունը, մասնավորապես, էներգետիկ ոլորտում։ Գերմանական տեսանկյունից մենք մեծ հետաքրքրություն ունենք ներմուծման, մասնավորապես գազի ներմուծման դիվերսիֆիկացման հարցում», – ասել է Ֆրիդրիխ Մերցը։
Իր հերթին Իլհամ Ալիևը նշել է, որ երկիրը պատրաստ է ավելի շատ գազ մատակարարել Եվրամիությանը, սակայն, Ալիևի խոսքով, դա պահանջում է ավելի շատ ներդրումներ ենթակառուցվածքներում։
Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ այսօր ստորագրված նոր համաձայնագրերը երկու երկրների միջև հարաբերությունները կբարձրացնեն նոր մակարդակի։