Հյուսիսային Կորեան հայտարարություն է տարածել Ուկրաինայի կողմից դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու վերաբերյալ

12:21, 15.07.2022

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում արձագանքում է Ուկրաինայի կողմից դիվանագիտական ​​հարաբերությունների խզմանը այն բանից հետո, երբ պաշտոնական Փհենյանը ճանաչել է «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները»։ Այդ մասին հայտնում է «Reuters»-ը։

Ըստ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի՝ «Ուկրաինան իրավունք չունի բարձրացնել ինքնիշխանության հարցերը այն բանից հետո, երբ պաշտոնական Կիևը միացավ ԱՄՆ-ի անարդար և անօրինական գործողություններին, որոնք խախտեցին պաշտոնական Փհենյանի ինքնիշխանությունը»։

Հյուսիսային Կորեան ասում է, որ իր միջուկային և հրթիռային ծրագրերը «ինքնապաշտպանության միջոց» են և մեղադրում է Վաշինգտոնին պատժամիջոցների և Հարավային Կորեայի հետ զորավարժությունների անցկացման մեջ։

«Մենք կշարունակենք ամրապնդել և զարգացնել բարեկամությունն ու համագործակցությունը բոլոր երկրների հետ, որոնք հարգում են մեր ինքնիշխանությունը և բարեհաճ են վերաբերվում մեզ՝ հիմնվելով ինքնիշխան իրավահավասարության, ներքին գործերին չմիջամտելու և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա», – ասվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, ռուսական լրատվամիջոցները, հենվելով Հյուսիսային Կորեայի դեսպանատան տեղեկատվության վրա, հայտնել էին, որ Փհենյանը պաշտոնապես ճանաչել է Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնբասի տարածքների «անկախությունը»։

Հունիսի 30-ին Ուկրաինան նույնպես խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ, այն բանից հետո, երբ պաշտոնական Դամասկոսը ճանաչեց «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը»։

Նմանատիպ