Հունիսի 11-ին Բուդապեշտում կկայանա Վրաստան–Հունգարիա միջկառավարական գագաթնաժողով
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունիսի 11–12-ը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հունիսի 11-ին Հունգարիայի վարչապետի պալատում կկայանա Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կդիմավորի իր վրացի գործընկերոջը և նրանց միջև կկայանա առանձնազրույց։ Երկկողմ ձևաչափով բանակցություններ կանցկացվեն երկու երկրների նախարարների կաբինետի անդամների միջև։
Պաշտոնական այցի շրջանակում Բուդապեշտում կկայանա Վրաստան–Հունգարիա միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը։ Կկնքվեն համագործակցության համաձայնագրեր գյուղատնտեսության, էներգետիկայի, մշակույթի և նորարարությունների, ինչպես նաև սպորտի ոլորտներում։ Միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո նախատեսված է Իրակլի Կոբախիձեի և Վիկտոր Օրբանի համատեղ մամուլի ասուլիսը։
Հունգարիայում պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկի և Հունգարիայի Ազգային ժողովի խոսնակ Լասլո Կյովերի հետ», – նշված է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։