Հունգարիայի M1 ավտոմայրուղին կառուցող ընկերությանը նյութերը շուկայականից ավելի թանկ գնով վաճառելու գործով Հունգարիայում քննություն է սկսվել Վիկտոր Օրբանի հոր ընկերության դեմ
Հունգարիայի ոստիկանությունը նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հոր՝ Դյոզյո Օրբանի Dolomit Kft ընկերության դեմ քննություն է սկսել:
Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզում է, արդյոք Dolomit Kft-ն V-Híd Zrt շինարարական ընկերությանը քար և այլ նյութեր վաճառել է շուկայականից ավելի բարձր գնով, որոնք օգտագործվում են պետության կողմից ֆինանսավորվող M1 ավտոմայրուղու ընդլայնման ծրագրում:
Գործն ակտիվացել է ընթացիկ տարվա հունիսին այն բանից հետո, երբ Հունգարիայի Ազգային ժողովի նախկին անկախ պատգամավոր Ակոշ Հադհազին սոցիալական ցանցում գրել էր, որ իր ձեռքն են ընկել պայմանագրեր, որոնց համաձայն՝ Վիկտոր Օրբանի հոր ընկերությունը շինարարական քարերը V-Híd ընկերությանը մատակարարել է շուկայականից ավելի թանկ գնով: Հադհազիի խոսքով՝ որոշ ապրանքներ վաճառվել են հանրային գնացուցակում նշված արժեքից կրկնակի թանկ: