Հունգարիան ասում է, որ կառավարությունը հաջորդ շաբաթ կներկայացնի օրենսդրական փոփոխություններ խորհրդարանին՝ վերջ դնելու Եվրահանձնաժողովի հետ դիմակայությանը և բացելու մուտքը ԵՄ հիմնադրամներին

17:42, 17.09.2022

Հունգարիայի կառավարությունը հաջորդ շաբաթ խորհրդարանին կներկայացնի օրենսդրական փոփոխություններ՝ վերջ դնելու Եվրահանձնաժողովի հետ իր դիմակայությանը և բացելու մուտքը դեպի ԵՄ հիմնադրամներ: Ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին հայտնել է Վիկտոր Օրբանի վարչակազմի ղեկավար Գերգելի Գուլիասը։

Նրա խոսքով, կառավարությունը դիմում է խորհրդարանին, որպեսզի օրինագծերը հաստատվեն արագացված կարգով։ Ծրագրի համաձայն՝ նոր օրենքները պետք է ուժի մեջ մտնեն նոյեմբերին։

Եվրահանձնաժողովը մեղադրում է վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությանը երկրում օրենքի գերակայությունը խաթարելու մեջ, ինչի պատճառով Եվրահանձնաժողովը արգելափակել է Բուդապեշտի մուտքը 6 միլիարդ եվրո արժողությամբ հիմնադրամ, որը նախատեսված է հետհամաճարակային տնտեսությունը վերականգնելու համար։

Բացի այդ, ինչպես գրում է «Ռոյթերս» գործակալությունը, Եվրահանձնաժողովը կարող է Եվրամիության խորհրդին առաջարկել կասեցնել Հունգարիային ընդհանուր բյուջեից միլիարդավոր եվրոների հատկացումը՝ կոռուպցիայի հետ կապված խնդիրների պատճառով։

ԵՄ հակակոռուպցիոն գործակալության տվյալներով՝ 2015-2019 թվականներին Հունգարիան անդամ երկրներից ամենաշատ խախտումներն է ունեցել ԵՄ միջոցների ծախսման ժամանակ։

Նմանատիպ