Հունաստանում 15 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը ուժի մեջ կմտնի 2027 թվականից
Հունաստանում 15 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը ուժի մեջ կմտնի 2027 թվականից

Հունաստանում մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործումը կարգելվի, և համապատասխան սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Միցոտակիսի խոսքով՝ Հունաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կիրականացնի այս նախաձեռնությունը. համապատասխան օրենսդրությունը կընդունվի 2026 թվականի ամռանը:

«Ցանկանում եմ անկեղծ լինել ձեզ հետ: Վերջին տարիներին ես զրուցել եմ բազմաթիվ ծնողների հետ, և բոլորն ասում են նույնը՝ որ իրենց երեխան լավ չի քնում, մշտապես սթրեսի մեջ է և անընդհատ նայում է բջջային հեռախոսին: Երբ երեխան ժամեր է անցկացնում էկրանի առջև, նրա միտքը չի հանգստանում: Հենց այդ պատճառով մենք որոշեցինք առաջ շարժվել այս ուղղությամբ: Գիտեմ, որ ձեզնից շատերը, հատկապես երիտասարդները, կարող են բարկանալ ինձ վրա: Ձեր տարիքում հավանաբար ես էլ նույնը կզգայի, բայց մեր դերը բոլորին հաճոյանալը չէ: Նույնիսկ եթե այսօր մեզ հետ համաձայն չեք, պարզապես ուզում եմ, որ մտածեք այդ մասին և քննարկեք ձեր ընկերների հետ: Եթե որևէ բան ստիպում է մեզ զգալ ավելի սթրեսային, ավելի վատ կամ պակաս լավ, քան մենք իրականում կանք, ապա գուցե արժե դադարեցնել դա: Մեր նպատակը ձեզ տեխնոլոգիաներից հեռացնելը չէ, որոնք կարող են լինել ներշնչանքի, գիտելիքի և ստեղծագործության աղբյուր», – հայտարարել է Միցոտակիսը:

Նրա խոսքով՝ Հունաստանը կոչ է անում Եվրամիությանը ընդունել նմանատիպ կանոնակարգեր:

«Մեր նպատակն է Եվրամիությանը տանել այս ուղղությամբ», – հայտարարել է Հունաստանի վարչապետը:

Տեղեկության համար նշենք, որ մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումը քննարկում է Մեծ Բրիտանիան: Նմանատիպ նախաձեռնության մասին հայտարարել է նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Բացի այդ, Դանիան ծրագրում է խիստ սահմանափակումներ մտցնել երիտասարդների համար սոციալական ցանցերի օգտագործման հարցում, իսկ Գերմանիայում արդեն աջակցություն են հայտնել մինչև 14 տարեկան երեխաների համար նման արգելքի գաղափարին: