«Հուավեյի» ֆինանսական տնօրեն քաղաքացիական իրավունքների խախտման համար հայց է մտցրել Կանադայի կառավարության դեմ

«Հուավեյ» ընկերության ֆինանսական տնօրեն, Մեն Վանչժոուն, քաղաքացիական իրավունքների խախտման համար հայց է մտցրել Կանադայի կառավարության դեմ:

Վանչժոուին, Վաշինգտոնի պահանջով, Վանկուվերի օդանավակայանում ձերբակալել են խարդախության և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հաստատված պատժամիջոցների խախտման մեղադրանքով:

Անցած շաբաթ Կանադայի իշխանությունները սկսել են Մեն Վանչժոուին ԱՄՆ արտահանձնելու գործընթացը:

«Հուավեյի» ֆինանսական տնօրենի հայտարարությամբ, Կանադայի սահմանային գործակալությունը և ոստիկանությունը խախտել են նրա քաղաքացիական իրավունքները: Մեն Վանչժոուն չի ճանաչում իր մեղքը, իսկ Չինաստանի իշխանությունները նրա ձերբակալությունը անվանել են «քաղաքական միջադեպ»:

Մեն Վանչժոուն «Հուավեյի հիմնադրի դուստրն է և նրա ձերբակալությունը սրել է հարաբերությունները ԱՄՆ-ի և Կանադայի հետ: ԱՄՆ-ի իշխանությունները ընկերության դեմ հարուցել են մոտ 20 գործ: