Հռոմի Պապը. Իրանում և Իսրայելում իրավիճակը վատթարացել է։ Անհրաժեշտ է շարունակել հավատարիմ մնալ միջուկային սպառնալիքից ազատ աշխարհի ստեղծմանը, բոլոր երկրների պարտքն է սկսել հաշտեցման ուղիների որոնումը
Հռոմի Պապ Լեո XIV-ը կոչ է արել Իրանի և Իսրայելի իշխանություններին գործել ողջախոհությամբ և շարունակել երկխոսությունը։
Նրա խոսքով՝ նա մեծ անհանգստությամբ հետևում է իրավիճակին։
«Իրանում և Իսրայելում իրավիճակը լրջորեն վատթարացել է, և այսպիսի նուրբ պահին զգում եմ պարտականություն՝ նորից հաստատակամորեն կոչ անելու պատասխանատվության և ողջախոհության։ Պետք է շարունակել նվիրվածությունը միջուկային սպառնալիքից ազատ, ավելի անվտանգ աշխարհի կառուցմանը՝ հարգալից հանդիպումների և անկեղծ երկխոսության միջոցով, որպեսզի կառուցվի արդարության, եղբայրության և ընդհանուր բարեկեցության վրա հիմնված կայուն խաղաղություն։ Ոչ ոք երբեք չպետք է վտանգի դնի ուրիշի գոյությունը։ Բոլոր երկրների պարտքն է աջակցել խաղաղությանը, սկսել հաշտեցման ուղիների որոնում և նպաստել այնպիսի որոշումների կայացմանը, որոնք ապահովում են անվտանգություն և արժանապատվություն բոլորի համար», – հայտարարել է Հռոմի Պապը։