Հոնկոնգում ցուցարարներին ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ

Հոնկոնգում իրավապահները ցուցարարներին ցրելու համար կրկին օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

«Ռոյտեր» միջազգային լրատվական գործակալության փոխանցմամբ, օրենսդրական խորհրդի շենքի մոտ ակտիվիստները անց են կացրել չարտոնված ցույց: Ցույցերը միաժամանակ անց են կացվել մի քանի վայրում: Նախորդ օրը իրավապահները ձերբակալել են ցույցերի մի քանի լիդերի:

Հոնկոնգում ցույցերը շարունակվում են արդեն մի քանի ամիս: Սկզբում ցուցարարները հանդես էին գալիս արտահանձնման օրինագծի դեմ, որը թույլ կտա հանցագործին արտահանձնել Չինաստանին: Ցույցերը սկսվելուն պես կառավարությունը ետ վերցրեց օրինագիծը: Սակայն, ցույցերը վերածվեցին լայնածավալ բողոքի ալիքի: Այս պահին ցուցարարները պահանջում են Հոնկոնգի առաջնորդի հրաժարականը և ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ուժի չարաշահման կապակցությամբ արդար հետաքննության անցկացում: