Հիջաբի կանոնները խախտելու համար ձերբակալված կնոջ մահը բողոքի և անկարգությունների պատճառ է դարձել Իրանի արևմուտքում

13:53, 18.09.2022

Իրանի արևմուտքում բողոքի ակցիաներ և անկարգություններ են տեղի ունեցել 22-ամյա կնոջ հուղարկավորության օրը, ով մահացել է հիջաբ կրելու կանոնները խախտելու համար ձերբակալվելուց հետո։ Ցուցարարներին ցրելու համար բողոքի մասնակիցների վրա արցունքաբեր գազ են ցողել։ Այս մասին գրում է Ռոյթերս գործակալությունը։ Տուժածների մասին տեղեկություն է տարածվում։

Բողոքի ցույցն անցկացվել է հանգուցյալ Մահսա Ամինի հայրենի Սաքեզում, որը գտնվում է Իրանի Քուրդիստանի նահանգում։ Մահացած երիտասարդի հուղարկավորության արարողությանը եկել էին նաև քաղաքացիներ մոտակա քաղաքներից։

Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են ցուցարարները վանկարկում հակակառավարական կարգախոսներ։ «Մահ բռնապետին»,- վանկարկել են նրանք։ Ակցիայի մասնակից կանանցից ոմանք ի նշան բողոքի հանել են գլխաշորերը։

Բողոքի ցույցը տարածվել է նաև նահանգի մայրաքաղաք Սանանդաջում, որտեղ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Երիտասարդ ցուցարարները անվադողեր են այրել և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել։

Մահսա Ամինը սեպտեմբերի 13-ին Թեհրանում ձերբակալվել է բարոյական ոստիկանության կողմից՝ հիջաբ կրելու կանոնները խախտելու համար։ Ձերբակալությունից մի քանի ժամ անց նրա ընտանիքին հայտնել են, որ Ամինին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է երեք օր անց։ Ականատեսները պատմում են, որ կնոջը ծեծի են ենթարկել, ինչը Իրանի ՆԳՆ-ն հերքում է: Ոստիկանությունը հայտնել է, որ Ամինն անգործունակ է դարձել, երբ փորձում էր ոստիկանական բաժանմունք մտնել ձերբակալված մյուս կանանց հետ։

Սեպտեմբերի 16-ին Թեհրանում նույնպես բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երիտասարդ կնոջ մահվան պատճառով։

Նմանատիպ