ՀՀ ՊՆ. Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև երկկողմ փոխհրաձգության արդյունքում մեկ հայ զինվոր է զոհվել

13:00, 14.07.2021

ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով, հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև երկկողմ փոխհրաձգության արդյունքում մեկ հայ զինվոր է զոհվել:

Գերատեսչության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Երասխի հատվածում, որտեղ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

Նախարարության հայտարարության համաձայն, հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:

Նախարարության տվյալներով, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը: ՀՀ պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ խստիվ դատապարտում են ադրբեջանական կողմի հերթական սադրանքը: Գերատեսչության հայտարարությամբ, իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Նմանատիպ