Հայաստանում Իրանի դեսպան. Անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կամ գործողություն, որը խաթարում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը

14:49, 23.09.2026

Ադրբեջանը շարունակում է շատ հստակ և բացահայտ խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մենք նույնպես հստակ հայտարարում ենք. անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կամ գործողություն, որը խաթարում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների վերափոխումը փոփոխվող ռազմավարական միջավայրի համատեքստում» խորագրով համաժողովում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ երկրորդ խնդիրն այն է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում անընդունելի է Իրանի համար, քանի որ ԱՄՆ-ի թշնամանքը Իրանի ժողովրդի նկատմամբ բազմիցս ապացուցվել է, այդ թվում՝ վերջերս։

«Հավանաբար բոլորը լսել են ԱՄՆ նախագահ Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որը ցույց տվեց, թե որքան խորն է այս թշնամանքը Իրանի ժողովրդի նկատմամբ։ Հետևաբար, այս երկու պայմաններից ելնելով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը վնաս չհասցնելու և ԱՄՆ ռազմական ներկայության բացակայության պատճառով՝ մենք որևէ պատճառ չունենք դեմ լինելու այս նախագծին, եթե այն նպաստում է հայ ժողովրդի զարգացմանը և բարգավաճմանը», – նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության համար անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն տարածաշրջանում։ Դեսպանը հասկանալի է անվանել տարածաշրջանում արտաքին ուժերի շահերը, բայց նաև նշել է, որ տարածաշրջանը կործանարար մրցակցության կամ մրցակցության ասպարեզ վերածելու փորձերը ոչ մեկին օգուտ չեն բերի։

«Երկարաժամկետ հեռանկարում սա լուրջ հետևանքներ կունենա և կխաթարի տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը», – ասել է Խալիլ Շիրղոլամին։

Նմանատիպ