Հայաստանի փոխարտգործնախարարը կարծում է, որ տարածաշրջանի ապաշրջափակումը չի կարող լինել Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին
Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը։
Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը։
«Տարածաշրջանի ապաշրջափակումը խաղաղ ու փոխշահավետ համակեցության մթնոլորտի ստեղծման հիմքն է։ Այս առումով կարևոր է պահպանել 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ ափստաթղթի դրույթները: Տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բոլոր մասնակիցները կառուցողական դիրքորոշում ցուցաբերեն և գործնական քայլեր ձեռնարկեն։ Միաժամանակ պետք է ընդգծել, որ այդ գործընթացը չի կարող արվել ի վնաս Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի»,- ասաց նա։