Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել

22:43, 27.05.2021

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկություն է տարածում հայկական  մամուլը: Համապատասխան տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

Այվազյանի հրաժարականի մասին լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել հայ-ադրբեջանական սահմանի մոտ միջազգային դիտորդներ ուղարկելու նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է մայիսի 12-ից: Երևանը պնդում է, որ ադրբեջանական զինուժը ապօրինի հատել է Հայաստանի սահմանը և մինչ օրս շարունակում է մնալ Հայաստանի տարածքում, ինչը հերքում են Բաքվում:

Մայիսի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ վեց հայ զինծառայող է ձերբակալել: Բաքուն պնդում է, որ նրանք ապօրինի հատել են Ադրբեջանի սահմանը: Հայաստանում հաստատել են զինվորականների ձերբակալման փաստը, սակայն նշվել է, որ նրանք գտնվում էին Հայաստանի տարածքում:

Նմանատիպ