Հայաստան-Ադրբեջան սահմանում իրավիճակը կրկին լարվել է: Անցած գիշերվա ընթացքում վերսկսվել են մարտական գործողությունները, որի մասին հաղորդում են երկու կողմերը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Հայաստանի կողմից կրակել են Թովուզի ուղղությամբ: Պաշտոնական Բաքվի տեղեկությամբ տուժածներ չկան:
Այլ տեղեկություն է տարածում հայկական կողմը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ ներկայացուցիչներին տեղեկացրել է սահմանին տիրող իրավիճակի հետ: Նախարարության փոխանցմամբ, ադրբեջանական կողմի գրոհները կասեցվել են բոլոր հնարավոր միջոցներով, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը կրել է կորուստներ: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: Հայկական կողմը հայտնում է, որ կրակոցներն իրենց բնակավայրերի ուղղությամբ արձակվել են «հաուբիցաներից»:
Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը սրվել է հուլիսի 12-ին, որի արդյունքում զոհեր են տվել երկու կողմերը: Վերջին տվյալներով, հուլիսի 12-ից հետո, պաշտոնական Բաքուն հաստատել է 11 ադրբեջանցի զինծառայողի մահը, այդ թվում մեկ գեներալի, իսկ Երևանը հայտնում է չորս զոհվածի և 10 վիրավորների մասին: Կողմերը կատարվածի մեջ մեղադրում են միմյանց: Այս իրադարձությունների կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել միջազգային կազմակերպությունները և կոչ են արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: