Հայ զինվորականները Սաչխերեի լեռնային կենտրոնում անցնում են հատուկ պատրաստության կուրս
Հայ զինվորականները Սաչխերեի լեռնային կենտրոնում անցնում են հատուկ պատրաստության կուրս

Հայաստանից հինգ զինվորական ուսուցման կուրս են անցնում Սաչխերեի  լեռնային ուսուցման կենտրոնի բազային ծրագրի շրջանակներում: Այս մասին լրատվություն է տարածել Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Բացի հայ զինվորականներից կուրսին մասնակցում են նաև վրացի, լատվիացի և լեհ զինվորականներ:

Վարժանքները մեկնարկել են այսօր և տևելու են մինչև փետրվարի 2-ը:

Դասընթացների շրջանակներում զինվորականներին սովորեցնելու են կանգնել դահուկների վրա, հաղթահարել լեռնային տարածքներում գտնվող պատնեշները և իրականացնել որոնողափրկարարական օպերացիաներ: Նրանց ցուցադրելու են, թե ինչպես պետք է հայտնաբերել և օգնություն ցուցաբերել ձնահոսքի տակ հայտնված մարդկանց, ինչպես նաև նրանց էվակուացնելու կամ ձյան մեջ ապաստան ստեղծելու հնարավորությունները:

Կուրսը ավարտելուց հետո մասնակիցները անցնելու են թեստավորում: Այն հաջող ավարտելու դեպքում զինվորականները կստանան հատուկ սերտիֆիկատներ:

Հիշեցնենք, 2017 թ. դեկտեմբերին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր հայ գործընկեր Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, առաջարկել է հայ զինվորականներին մասնակցել Սաչխերեի լեռնային պատրաստության կենտրոնում ընթացող միջազգային ուսուցումներին: