Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ասում են, որ Ղազախստան «խաղաղապահներն» ուղարկվել են սահմանափակ ժամանակով, իրավիճակը կայունացնելու նպատակով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ այս կազմակերպության միացյալ «Խաղաղապահ ուժերը» սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու նպատակով։
Այս մասին ասվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության տարածած տեղեկատվության մեջ։
Կազմակերպության տվյալներով՝ ուղարկված «խաղաղապահ ուժերը» ներառում են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները։
«Խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին իրադրության կայունացման և իրավական դաշտ վերադարձնելու հարցում օգնությունը։ Ռուսական կողմից այդ խաղաղապահները ներառել են երկրի օդադեսանտային ստորաբաժանումները»,- հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից։
Քարտուղարության տվյալներով՝ «խաղաղապահ կոնտինգենտի» ռուսական մասը ներկայումս թռիչքներ է իրականացնում Ղազախստանի Հանրապետության տարածքով Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։
«Այս ստորաբաժանումից առաջավոր ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել հանձնարարված խնդիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։