Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է երկու անձի՝ «Մեդիա մոնիտորինգ» հեռուստաընկերության լրագրողին և օպերատորին հետապնդելու փաստով
«Մեդիա մոնիտորինգ» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի նկատմամբ հետապնդման և բռնության փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայության կողմից բացահայտվել է երկու անձ։ Տեղեկությունը տարածում է քննչական ծառայությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն, հետաքննությունը պարզել է, որ 2024 թվականի հուլիսի 23-ին հեռուստաընկերության եթերում մի սյուժե է հեռարձակվել, որը կապված է Գորի-Թբիլիսի երթուղում աշխատող մարդատար միկրոավտոբուսներում առկա խնդիրների հետ։
«Նշված ռեպորտաժի վերաբերյալ հուլիսի 25-ին Թբիլիսիում տեղակայված ավտոկայանի տարածքում երկու քաղաքացի ագրեսիա են դրսևորել «Մեդիա մոնիտորինգի» լրագրողի և օպերատորի նկատմամբ և ֆիզիկական բռնության ենթարկել նրանց։ Վնասվածքների պատճառով օպերատորը տեղափոխվել է բուժհաստատություն։ Հատուկ քննչական ծառայությունը տուժողների դիմելուց հետո անմիջապես ձեռնարկել է համապատասխան քննչական գործողություններ։
Մասնավորապես, հարցաքննվել են դեպքի ականատեսները, ձեռք են բերվել բռնության տեսագրություններ, կատարվել է անձի ճանաչում, նշանակվել փորձաքննություն։ Է.Գ.-ին և Թ.Լ.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածի երկրորդ մասով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»,- նշվում է տեղեկատվության մեջ։