Հարցման համաձայն՝ գերմանացիների մեծամասնությունը կողմ է Բունդեսթագի ընտրությունների անհապաղ անցկացմանը
Հարցված գերմանացիների մեծամասնությունը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհապաղ անցկացմանը։
ARD Deutschlandtrend-ի համար Infratest-Dimap-ի անցկացրած հարցման համաձայն՝ Բունդեսթագի արտահերթ ընտրությունների անցկացմանը կողմ է հարցվածների 65%-ը։
Գերմանացիների 33%-ը կարծում է, որ ընտրություններ անցկացնելու համար ավելի լավ ժամանակ է մարտ ամիսը, ինչպես պլանավորում է կանցլեր Օլաֆ Շոլցը։
Ըստ նույն հետազոտության, եթե ընտրություններն անմիջապես անցկացվեն, ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Քրիստիան-դեմոկրատական միությունը» կարող է հավաքել ձայների 34%-ը; «Այլընտրանք Գերմանիայի համար» – 18%; Շոլցի սոցիալ-դեմոկրատներ՝ 16%; «Կանաչներ»՝ 12%; Սառա Վագենկնեխտ դաշինք՝ 6%:
Լրատվամիջոցը գրում է, որ նման սցենարի դեպքում «Ազատ դեմոկրատներին» չէր հաջողվի հաղթահարել 5 տոկոսի շեմը։
Մեկ այլ հարցում ցույց է տվել, որ գերմանացիների 30%-ը կողմ է մարտին կայանալիք արտահերթ ընտրությունների անցկացմանը, սակայն 54%-ը կողմ է, որ դա տեղի ունենա ավելի շուտ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի իշխող կոալիցիան փլուզվեց այն բանից հետո, երբ կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնից ազատեց ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին։