«Հանդելսբլաթ» – Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության պատճառով Գերմանիան արգելափակում է Թուրքիային «Eurofighter» տեսակի կործանիչների մատակարարումը
Գերմանիան արգելափակում է Թուրքիային «Eurofighter» տեսակի կործանիչների մատակարարումը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով, – գրում է գերմանական «Handelsblatt» թերթը։
Թերթի տեղեկություններով, հղում անելով անանուն աղբյուրներին, Գերմանիայի կառավարությունը մերժել է արտահանման լիցենզիան՝ որպես առանցքային պատճառ նշելով Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։
«Էրդողանի հետ գաղտնի բանակցությունների ընթացքում զգալի առաջընթաց էր գրանցվել, հաստատման գործընթացը ընթանում էր հաջողությամբ, սակայն Թուրքիայի նախագահը Իմամօղլուի դեմ ձեռնարկած քայլերով տապալեց այս նախաձեռնությունները», – գրում է թերթը։
«Eurofighter»-ը համատեղ նախագիծ է Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի միջև, ուստի նման տեսակի կործանիչների արտահանման համար անհրաժեշտ է Գերմանիայի կառավարության համաձայնությունը։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվեց կոռուպցիայի մեղադրանքով։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը։ Մարտի 23-ին դատարանը նրան սահմանեց կալանք, իսկ նույն օրը «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը» նրան առաջադրեց որպես նախագահի թեկնածու 2028 թվականի ընտրություններին։ Իմամօղլուի կալանավորումը լայնամասշտաբ բողոքի ցույցեր է հարուցել ամբողջ Թուրքիայում։ Հայտնի է, որ ցույցերի ժամանակ կալանավորվել է շուրջ 2000 մարդ։