Հաքան Ֆիդան - Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը մոտենում է ավարտին
Հաքան Ֆիդան - Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը մոտենում է ավարտին

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը մոտենում է ավարտին,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանի խոսքով՝ հակամարտությունը վերածվել է «մաշեցնող պատերազմի» և բոլոր կողմերի համար ծախսերի աճի աղբյուր է։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իր կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը հասել է «կանգ առնելու ամենամոտ կետին»։

Թուրքական A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ եվրոպացի առաջնորդները նույնպես ցանկանում են վերջ դնել հակամարտությանը։

«Կարծում եմ՝ այս պատերազմը գտնվում է իր ամենադժվար կետում, քանի որ երկու կողմերն էլ կենտրոնացած են միմյանց տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացնելու վրա։ Պատերազմը, ըստ էության, վերածվել է անօդաչու թռչող սարքերի պատերազմի», – ասել է Ֆիդանը։

Ֆիդանը շեշտել է, որ հակամարտությունը պետք է ավարտվի։

«Սա վերածվել է մաշեցնող պատերազմի։ Ոչ մի կողմ իրականում շատ բան չի շահում, ընդհակառակը, երկուսն էլ հսկայական կորուստներ են կրել», – ասել է Ֆիդանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ չնայած Եվրոպան անմիջականորեն ներգրավված չէ զորքերով, այն ներգրավված է ֆինանսական և ռազմական աջակցությամբ, և այդ «ծախսերը աճում են»։

«Պատերազմը պետք է ավարտվի։ Մենք կարծում ենք, որ բանակցությունները անխուսափելի են։ Դա կարող է տեղի ունենալ Թուրքիայում, կարող է տեղի ունենալ այլուր, բայց ես հավատում եմ, որ խաղաղությունը անպայման կգա», – ասել է Ֆիդանը։