Բրիտանացի Քարիմ Խանը ընտրվել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ:
Այս պաշտոնում Քարիմ Խանը կփոխարինի, գամբիացի Փաթու Բենսուդային:
Քարիմ Խանը ընտրվել է քվեարկության երկրորդ փուլում: Նրան սատարել են դատարանի 122 անդամ երկրներից 72-ը: Ներկայումս բրիտանացի իրավաբանն ու դիվանագետը գլխավորում է ՄԱԿ-ի քննչական խումբը, որը հետաքննում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից կատարված հանցագործությունները:
Ներկայումս, Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը, ի թիվս այլ գործերի, հետաքննում է նաև 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետ կապված հնարավոր ռազմական հանցագործությունները:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Հաագայի դատարանի նախկին դատախազ Փաթու Բենսուդայի նկատմամբ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Փաթու Բենսուդային կոռուպցիայի և կողմնակալության մեջ: Դրա պատճառը Աֆղանստանում ամերիկացի զինվորների հնարավոր հանցագործությունների վերաբերյալ դատախազի հետաքննությունն էր, որի դեմ էր հանդես գալիս Վաշինգտոնը: