Գվատեմալան կհետևի ԱՄՆ-ի օրինակին ու Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխի
Գվատեմալան կհետևի ԱՄՆ-ի օրինակին և Իսրայելում իր դեսպանությունը Երուսաղեմ կտեղափոխի։ Այս մասին գրում է dailymail.co.uk-ը՝ հղում անելով Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսի Facebook-յան պաշտոնական էջի գրառմանը:
Երկրի ղեկավարը հայտնել է, որ թեմայի շուրջ արդեն զրուցել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ և արդեն հարցի առնչությամբ կարգադրություն տվել Գվատեմալայի արտաքին գործերի նախարարին:
«Ես խոսել եմ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ… Զրույցի առավել կարևոր թեմաներից մեկն էլ Գվատեմալայի դեսպանատան՝ Երուսաղեմ վերադարձն էր: Ես տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն հանձնարարություն եմ տվել արտգործնախարարին սկսել համապատասխան գործողություններ դրա իրականացման համար», – գրել է Մորալեսը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմի կարգավիճակի շուրջ հայտարարությամբ հանդես էր եկել դեկտեմբերի սկզբին, որից հետո զանգվածային բախումներ էին տեղի ունեցել Պաղեստինի և Իսրայելի կողմնակիցների միջև աշխարհի տարբեր երկրներում:
Հեղինակ -
Edgar Barsegyan