Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ընդունել է Դոնալդ Թրամփի առաջարկը՝ հանդիպելու Վաշինգտոնում
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարում է, որ ստացել է Վաշինգտոնում հանդիպման առաջարկ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի կողմից։ Նրա խոսքով, դա տեղի է ունեցել նրանց առաջին հեռախոսազրույցից հետո, որը տևել է ավելի քան մեկ ժամ և նպաստել է երկու երկրների միջև աճող լարվածության մեղմացմանը։
«Մենք առաջին անգամ խոսեցինք հեռախոսով այն պահից, երբ նա դարձավ նախագահ։ Իհարկե, որոշ մտահոգություններ ունեի։ Զրույցը տևեց ավելի քան մեկ ժամ։ Նա ինձ հնարավորություն տվեց խոսելու։ Խաղաղությունը ձեռք է բերվում երկխոսության միջոցով, և հենց այդ պատճառով էլ ես համաձայնեցի նախագահ Թրամփի առաջարկին։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Կոլումբիան գիտի՝ ինչպես օգտվել խաղաղությունից», – նշել է Կոլումբիայի նախագահը։
Միաժամանակ, Գուստավո Պետրոյի խոսքով, նա զրուցել է նաև Վենեսուելայի նախագահի պարտականությունները կատարող Դելսի Ռոդրիգեսի հետ։ Նա հույս է հայտնել, որ կողմերի միջև կհաստատվի եռակողմ երկխոսություն։
«Մեզ անհրաժեշտ է խոսակցություն Սպիտակ տանը։ Երկու օր առաջ զրուցել եմ Վենեսուելայի ներկա նախագահ Դելսիի հետ և հրավիրել նրան Կոլումբիա։ Մենք ցանկանում ենք եռակողմ երկխոսություն։ Հուսով ենք գլոբալ երկխոսության վրա, որպեսզի Վենեսուելայի հասարակությունն էլ՝ Կոլումբիայի նման, կայունանա», – նշել է Պետրոն։