Գուրջաանում տեղի ունեցած սպանության գործով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել
Գուրջաանում տեղի ունեցած սպանության գործով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել

ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, 1969 թվականին ծնված Մ.Չ.-ին ձերբակալել են դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, փոխադարձ վիճաբանության հիման վրա, սառը զենքի գործադրմամբ վնասվածքներ է հասցրել գյուղացի տղամարդու՝ 1975 թվականին ծնված Լ.Ի.-ի մարմնին։ Վիրավորը հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո մահացել է։

«Իրավապահները դեպքից կարճ ժամանակ անց՝ թեժ հետապնդման արդյունքում, ձերբակալել են հանցագործության մեջ մեղադրվողին։ Ոստիկանները որպես ապացույց վերցրել են հանցագործության զենքը՝ դանակը։

Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։