Գտնում եմ, որ այս պահի դրությամբ իմ առաքելությունը կատարել եմ. Մամուկա Բախտաձե
Մամուկա Բախտաձեն այսօր տարածած հայտարարության մեջ նշում է, թե ինչու է հեռանում Վարչապետի պաշտոնից: Մամուկա Բախտաձեն գրում է, որ իր կարծիքով, առաքելությունն այս փուլում կատարված է:
«2018 թվականին Վրաստանի վարչապետի պաշտոնում ինձ առաջադրելու նպատակն ու գլխավոր մանդատն էր երկրի համար ստեղծել և արմատավորել ռազմավարական զարգացման շրջանակը, որը հաջորդ տարիներին կապահովեր մեր պետական նպատակների իրագործումը և կդառնար երկրի զարգացման ուղեցույցը: Զարգացման ռազմավարական շրջանակը ստեղծվել է, հաստատվել և համապատասխանաբար որոշում եմ կայացրել լքել պաշտոնը, քանզի գտնում եմ, որ իմ առաքելությունն այս պահին կատարել եմ: Ինձ համար մեծ պատիվ էր, և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ և կլինեմ «Վրացական երազանք» թիմի անդամը և մեր երկրի նվիրյալ զինվորականը»,-ասված է Մամուկա Բախտաձեի հայտարարության մեջ:
Մամուկա Բախտաձեին վարչապետի պաշտոնում Վրաստանի խորհրդարանը հաստատել էր 2018 թվականի հունիսի 20-ին: 2017 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2018 թվականի հունիսի 20-ը Մամուկա Բախտաձեն զբաղեցնում էր Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը: Իսկ մինչ նախարարի պաշտոնին նշանակվելը նա զբաղեցնում էր «Վրացական երկաթգծի» գլխավոր տնօրենի պաշտոնը: