Գրիգոլ Լիլուաշվիլին դատապարտվեց 13 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին դատապարտել է 13 տարվա ազատազրկման։
Դատավճռի հրապարակման պահին Լիլուաշվիլին ներկա է եղել։ Նա օգտվել է վերջին խոսքի իր իրավունքից՝ երեկվա դատական նիստի ընթացքում հայտարարելով, որ շարունակելու է պայքարել գործի առնչությամբ՝ օրինական միջոցներով։
Լիլուաշվիլիի փաստաբանները մատնանշում են գործում ապացույցների բացակայությունը։ Ըստ դատախազի՝ ներկայացված ապացույցները հաստատում են, որ Լիլուաշվիլին կատարել է իրեն վերագրվող հանցանքը։
Գրիգոլ Լիլուաշվիլին ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել մի շարք դրվագներով. նախաքննությունը նրան մեղադրում է նախնական համաձայնությամբ գործող խմբի կազմում առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և «քոլ-կենտրոններին» հովանավորություն ցուցաբերելու մեջ։
Լիլուաշվիլին հերքում է մեղադրանքները։