Գորիում ջարդել են «Ազգային շարժման» գրասենյակի ապակիները, ՆԳՆ-ը սկսել է հետաքննություն
Գորիում քարերով ջարդել են «Ազգային շարժման» գրասենյակի ապակիները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, այս պահին գրասենյակի մոտ աշխատում են իրավապահները:
«Ազգային շարժման» Գորիի մասնաճյուղի ներկայացուցիչները նշում են, որ մի քանի երիտասարդներ հարձակվել են գրասենյակի վրա և քարերով կոտրել ապակիները:
«Ազգային շարժման» անդամ Վասիլիսա Ջալաբաձեի տեղեկությամբ, դեպքի պահին գրասենյակում ոչ ոք չի եղել, և այդ մասին նրանք իմացել են ականատեսից: «Ազգային շարժման» անդամները կատարվածի մեջ մեղադրում են իշխանություններին:
«Ականատեսից մենք իմացանք, որ գրասենյակը գրոհել են: Սա խմբակային հարձակում է «Ազգային շարժման» գրասենյակի վրա: Ապակիները ջարդված են քարերով: Մենք կատարվածի ողջ պատասխանատվությունը դնում ենք իշխանությունների վրա: Մենք չենք բացառում, որ այդ մարդիկ գործել են Գիորգի Խոջեվանիշվիլիի անմիջական ցուցումներով, քանի որ ինչ նա մտել է միակուսակցական խորհրդարան, կեղծված ձայներով, մենք, Գորիի գրասենյակը, բազմիցս ցույց ենք տվել նրա գործերը հանրությանը: Հետևաբար, մենք զգում ենք, որ դա խրախուսվում է «Վրացական երազանքի» կողմից: Իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, որը բռնություն է հրահրում», – հայտարարել է «Ազգային շարժման» Գորիի տարածաշրջանային կազմակերպության անդամ Վասիլիսա Ջալաբաձեն:
Ներքին գործերի նախարարությունը միջադեպի կապակցությամբ սկսել է հետաքննություն:
Ինչպես գերատեսչությունում հայտնել են Վրաստանի առաջին ալիքին, հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, որը ենթադրում է ուրիշի ունեցվածքի վնասում կամ ոչնչացում: