Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհին ընթանում է 17 կմ-անոց հատվածի վերականգնումը
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ Սաչխերեի մունիցիպալիտետում ընթանում են ներպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի 25-րդ կմ – 41-րդ կմ հատվածի վերականգնողական աշխատանքները: Վերականգնում է իրականացվում 17 կմ-անոց հատվածում:
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհն իրար է կապում երեք մունիցիպալիտետ և ճանապարհամերձ գյուղերը շրջանային կենտրոնի հետ կապում է ամենակարճ հեռավորությամբ:
Վերականգնվող հատվածում, որն անցնում է Սաչխերեի մունիցիպալիտետով, ճանապարհային ծածկույթը զգալիորեն վնասված էր, ինչը դժվարացնում էր ավտոտրանսպորտի տեղաշարժը: Նոր նախագիծն ամբողջությամբ կապահովի անվտանգ և հարմարավետ տեղաշարժ:
Նախագծի շրջանակներում ամբողջությամբ կթարմացվի ճանապարհի երթևեկելի մասը, տեղական ճանապարհներին միացումները և բնակչության բակերի մուտքերը: Ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման նպատակով կտեղադրվեն նոր ճանապարհային նշաններ, արտացոլիչներ և կիրականացվի ճանապարհի երթևեկելի մասի հորիզոնական գծանշում:
Նախագիծը պետական բյուջեից ֆինանսավորվում է մինչև 26,2 միլիոն լարիով, և դրա ավարտը նախատեսվում է ընթացիկ տարում: