Գիվի Միքանաձեն ԱՄՆ պետքարտուղարության կրթության և մշակույթի հարցերով բյուրոյի ղեկավարի հետ քննարկել է գործընկերության ամրապնդման հարցեր
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության կրթության և մշակույթի հարցերով բյուրոյի ղեկավար Դարեն Բիթի հետ:
Կողմերը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ամրապնդման և համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:
Գիվի Միքանաձեն Դարեն Բիթին է ներկայացրել կրթական համակարգում ընթացող բարեփոխումները և դրանց շրջանակներում իրականացվելիք նախաձեռնությունները:
Զրույցը վերաբերել է «Ֆուլբրայթ» ծրագրին և դրա ընդլայնմանն ուղղված աջակցությանը: Նշվել է, որ ծրագիրը լավ հնարավորություն է ստեղծում վրացի ուսանողների համար՝ ստանալու բարձրորակ կրթություն և ձեռք բերված գիտելիքները ծառայեցնելու սեփական երկրի զարգացմանը:
Ընդգծվել է վրացական և ամերիկյան համալսարանների համագործակցության ու համատեղ երկակի դիպլոմների ծրագրերի կարևորությունը, ինչը, նախարարի խոսքով, հատկապես նշանակալի է Վրաստանում մարդկային կապիտալի և աշխատուժի բարելավման տեսանկյունից:
Հանդիպման ավարտին կողմերը գործընկերության խորացման պատրաստակամություն են հայտնել: Հանդիպմանը ներկա է եղել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Տալիաշվիլին:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը: