Գիվի Միքանաձեն ԱՄՆ կրթության պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն հանդիպում է ունեցել ԱՄՆ կրթության պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Քենթի հետ, որտեղ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարը խոսել է Վրաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների մասին և առանձնահատուկ ուշադրություն դարձրել այս գործընթացում ԱՄՆ փորձի փոխանակման կարևորությանը։
Գիվի Միքանաձեն շնորհակալություն է հայտնել Նիկոլաս Քենթին բազմամյա աջակցության, ինչպես նաև կրթության և գիտության զարգացմանը նպաստելու համար, ինչը հատկապես կարևոր է Վրաստանի համար։ Նախարարն ընդգծել է Նիկոլաս Քենթի ներգրավվածության կարևորությունը տարբեր կրթական նախագծերի իրականացման գործում։
Կողմերը խոսել են «Սան Դիեգոյի պետական համալսարան – Վրաստան» նախագծի մասին՝ որպես ԱՄՆ-ի և Վրաստանի հաջող համագործակցության վառ օրինակ։ Բացի այդ, քննարկվել են ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացվող փոխանակման ծրագրերը, այդ թվում՝ Fulbright ծրագիրը։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը։
Վաշինգտոնում կայացած հանդիպմանը ներկա էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան Թամար Տալիաշվիլին։
Տեղեկատվությունը տարածում է Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը։