Գիվի Միքանաձե – Կառավարության որոշմամբ, 2025 թվականին, վրացական կրթական համակարգի պատմության մեջ առաջին անգամ, կանցկացվի պետական լեզվի քննություն
Վրաստանի կառավարության որոշմամբ, 2025 թվականին, վրացական կրթական համակարգի պատմության մեջ առաջին անգամ, կանցկացվի պետական լեզվի քննություն: Քննության գրանցումը կսկսվի նոյեմբերի 24-ին և կավարտվի դեկտեմբերի 1-ին, – այս մասին նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն:
Գիվի Միքանաձեի խոսքով, աշխարհի երկրների մեծ մասն անցկացնում է պետական լեզվի քննություններ, որոնց արդյունքների հիման վրա քննվողին տրվում է լեզվի իմացության վկայական, որը ճանաչված է տվյալ երկրի կողմից: Սա հատկապես կարևոր է օտարերկրյա ուսանողների, պետական ծառայությունում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների, արտերկրում բնակվող վրացիների և բիզնես ոլորտում աշխատող ոչ վրացախոս անձնակազմի համար:
«Պետական լեզվի քննությունը կարևոր է վրացերենի՝ որպես պետական լեզվի կարգավիճակի ամրապնդման և լեզվի գործառնության ոլորտը ընդլայնելու համար: Այդ նպատակով, Պետական լեզվի ռազմավարության 2023-2024 թվականների գործողությունների ծրագրի համաձայն, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը պատրաստել է քննություն, որը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այսուհետ պետական լեզվի քննությունը կանցկացվի տարին մի քանի անգամ և թույլ կտա մեզ ստուգել չորս իրավասություն: Դրանք են՝ լսողական, ընթերցանության, գրավոր և խոսակցական: Այս փուլում կանցկացվեն տարբեր դժվարության երկու թեստեր. առաջինը կորոշի վրացերեն լեզվի իմացության A1 և A2 մակարդակները, երկրորդը՝ B1 և B2 մակարդակները: Մակարդակները կտարբերակվեն՝ կախված նրանից, թե դիմորդը քանի միավոր է կուտակել:
2030 թվականից սկսած, A1, A2, B1 և B2 մակարդակներից բացի, մենք նախատեսում ենք անցկացնել քննություններ, որոնք կորոշեն C1 և C2 մակարդակները, և այս ուղղությամբ նույնպես ակտիվորեն աշխատանքներ են տարվում», – նշեց նախարարը:
Գիվի Միքանաձեի խոսքով՝ վրացերենի քննությանը գրանցվելը հնարավոր կլինի միայն էլեկտրոնային եղանակով՝ Ազգային գնահատման և քննությունների կենտրոնի online.naec.ge գրանցման էջում։
Տեսողական խնդիրներ ունեցող և կույր քննվողների համար նախատեսված է Բրայլի համակարգ կամ հատուկ էլեկտրոնային ծրագիր։
Պետական լեզվի վարչությունը կտրամադրի պետական լեզվի իմացության մակարդակը հաստատող փաստաթուղթ՝ հաշվի առնելով պետական լեզվի քննության արդյունքները։
Ազգային գնահատման և քննությունների կենտրոնի կողմից քննության թեստի վրա աշխատանքը ընթացել է մի քանի փուլով. սկզբում ամբողջ Վրաստանում անհատական կարողությունները ստուգող առաջադրանքներ են տրվել, ապա՝ հաշվի առնելով ստացված արդյունքների հոգեբանական վերլուծությունը և փորձագիտական գնահատականը, ստեղծվել է թեստային առաջադրանքների բանկ և մշակվել է քննության թեստի ձևաչափը։