Գիվի Միքանաձե. Հիմնական խնդիրն է, որ ֆինանսավորման նոր մոդելը առավելագույնս հարմարեցված լինի պետական համալսարանների կարիքներին

21:09, 30.07.2026

Անցյալ տարի մենք ազդարարեցինք բարձրագույն կրթության բարեփոխման ազգային հայեցակարգը, որի համաձայն՝ սկսեցինք կարևոր քայլեր ձեռնարկել բարձրագույն կրթության համակարգի զարգացման ուղղությամբ. սրա ակնհայտ օրինակներից մեկն այն է, որ այսօր Վրաստանի կառավարությունը հաստատեց բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մոդելը, որի վրա աշխատում էին նախարարության ներկայացուցիչներն ու Համաշխարհային բանկի փորձագետները, – այս մասին տեղեկություն է տարածում Կրթության նախարարությունը:

«Բարեփոխման շրջանակներում մենք հատուկ շեշտադրում ենք անում հենց համալսարանների ֆինանսավորման բարելավման վրա: Հիմնական խնդիրն այն է, որ ֆինանսավորման նոր մոդելը առավելագույնս հարմարեցված լինի այն կարիքներին, որոնք այսօր ունեն պետական համալսարանները: Սրա հետ մեկտեղ, մեր նպատակն է ուժեղացնել հետազոտական բաղադրիչները, գիտական նախագծերի իրականացումն ու միջազգայնացումը: Այս ուղղությամբ շարունակում ենք ակտիվ աշխատանքը: Այսօր աշխատանքային հանդիպում ունեցանք պետական համալսարանների ռեկտորների, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Նորարարություն, ներառականություն և որակ (I2Q)» նախագծի ղեկավարման խմբի անդամների և բարձրագույն կրթության ֆինանսավորման մոդելի վրա աշխատող փորձագետների հետ: Միասին քննարկում ենք այնպիսի հարցեր, որոնք կապված են այս ֆինանսավորման մոդելի կոնկրետ ասպեկտների հետ», – հայտարարել է Միքանաձեն:

Նախարարը բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործընթացում ուշադրություն է հրավիրել համալսարանների ներգրավվածության կարևորության վրա և նշել, որ բոլոր որոշումները կայացվելու են պետական համալսարանների ռեկտորների հետ խորհրդակցությունների հիման վրա:

«Քանի որ այս գործընթացը բարձրագույն կրթության բարեփոխման գլխավոր ուղղություններից մեկն է, բնականաբար, համալսարանների և նրանց ղեկավարների ներգրավվածությունն էապես կարևոր է: Միասին պետք է հոգ տանենք, որ ստանանք գործին միտված, համաձայնեցված, բոլորի համար ընդունելի արդյունք, ինչը կնպաստի ինչպես պետական համալսարանների ֆինանսական կայունությանը, այնպես էլ բարձր որակի ապահովմանը: Ինչպես հայտնի է, ղեկավար թիմի որոշմամբ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերից պետական համալսարաններ ընդունված ուսանողների ուսումը կֆինանսավորի պետությունը:

Սա հաշվի առնելով՝ բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մոդելն առավել չափով կողմնորոշված կլինի ապահովելու պետական համալսարանների ֆինանսական կայունությունը, ինչը համալսարաններին հնարավորություն կտա զարգանալու, որակը բարելավելու և կրթական գործունեությունն արդյունավետորեն իրականացնելու», – նշել է Գիվի Միքանաձեն:

Այսօր, Վրաստանի կառավարության որոշմամբ, հաստատվել է պետական համալսարանների ֆինանսավորման նոր մոդելը: Ֆինանսավորման նոր մոդելի ներդրման հետ կապված՝ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն աշխատանքային հանդիպում է անցկացրել, որին մասնակցում էին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Նորարարություն, ներառականություն և որակ (I2Q)» նախագծի ղեկավարման խմբի անդամները, բարձրագույն կրթության ֆինանսավորման մոդելի վրա աշխատող փորձագետները և համալսարանների ներկայացուցիչները:

Նմանատիպ