Գիտանաս Նաուսեդա․ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն այն հիմնական հակամարտությունն է, որն ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում համաշխարհային կարգի համար
Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի այն հիմնական հակամարտությունն է, որը ամենամեծ սպառնալիքն է ներկայացնում համաշխարհային կարգի համար. այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Ինչպես նշել է Նաուսեդան, պատերազմում Ուկրաինայի հաղթանակը վճռորոշ նշանակություն ունի գլոբալ անվտանգության համար։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը տարածքային միայն չնչին ձեռքբերումներ է ունեցել՝ կրելով հսկայական կորուստներ։
«Ի վերջո, այս հսկայական ջանքերը՝ թափված արյունն ու արցունքները, գործնականում ոչ մի արդյունք չեն տվել։ Ուկրաինան շարունակում է հպարտորեն կանգուն մնալ որպես անկախ պետություն։ Ուկրաիներենը, մշակույթն ու ազգային ինքնությունը կենդանի են և ծաղկում են։ Թեև պաշտոնապես չի հայտարարվել, սակայն Ռուսաստանն, ըստ էության, արդեն պարտվել է այս պատերազմում։ Այնուամենայնիվ, մենք բոլորս պետք է կիսենք այս դաժան և անիմաստ հակամարտության պատճառած խոր ցավը և միավորենք ջանքերը՝ արագացնելու Ուկրաինայի հաղթանակը, քանի որ միայն Ուկրաինայի վերջնական հաղթանակը՝ նրա ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, կարող է ապահովել համաշխարհային խաղաղությունը, անվտանգությունը և ՄԱԿ-ի Կանոնադրության հեղինակությունը», – նշել է Նաուսեդան։
Հարկ է նշել, որ ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, թե Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժում սկսելու որոշումը Ռուսաստանին արժեցել է մոտ 450 000 մարդկային կյանք։ Մինչդեռ նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատերազմի հետևանքով զոհերի և վիրավորների ընդհանուր թիվը գերազանցել է երկու միլիոնը։