Գիշերը Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա լայնածավալ հարձակում է իրականացվել, զոհվել է առնվազն երկու մարդ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարությամբ, ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի վրա իրականացված ամենամեծ անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Նա ասել է, որ երեկվանից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաքի մոտակայքում չեզոքացվել է ավելի քան 1600 անօդաչու թռչող սարք։
Մոսկովյան մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ ՀՕՊ համակարգերը ժամը 03:00-ից մինչև 05:00-ն 17 շրջաններում ոչնչացրել են 249 անօդաչու թռչող սարք։ Վորոբյովի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Տարբեր շրջաններում վնասվել են մի քանի շենքեր, այդ թվում՝ մեկը Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ռամենսկոյեում անօդաչու թռչող սարքի վթարից հետո հրդեհ է բռնկվել 21-հարկանի բնակելի շենքում։ Շենքից տարհանվել է 400 մարդ, այդ թվում՝ 70 երեխա։ Վնասվել է 20 մեքենա։ Շրջանի ղեկավարի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև առևտրի կենտրոնին։
Մոսկովյան օդանավակայաններում սահմանափակումների պատճառով ավելի քան 30 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել։ Շերեմետևո օդանավակայան մեկնող մոտ 25 ինքնաթիռ վերահասցեագրվել է այլ օդանավակայաններ։
Բացի այդ, Վնուկովո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը։ Օդանավակայանի մամուլի ծառայության տվյալներով՝ որոշումը կայացվել է թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։